Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով Իրան է մեկնել` մասնակցելու բարձր մակարդակում ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Թուրքական Daily Sabah-ում փորձագետներից մեկը գրում է. «Մենք երկար ժամանակ նման այցեր չէինք կատարում, բայց հաշվի առնելով իրադարձությունները տարածաշրջանում, երկու երկրների անվտանգության հարցերը, մեր սահմանների անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը, անհրաժեշտ էր, որ Էրդողանը Թեհրան այց կատարեր»։ Ինքը` Էրդողանը ասում էր, որ Իրանում «քննարկելու է Հյուսիսային Իրաքի հարցը, որից հետո մեր ձեռքին կլինի ճանապարհային լուրջ քարտեզ»:
Ըստ ամենայնի` այցը լավ նախապատրաստվում էր: Նախօրեին Թեհրանում էր Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Հուլյուսի Աքարը: Նա հայտարարեց, որ «Ի հավելումն քաղաքական ու տնտեսական համագործակցության` մենք աշխատում ենք Թեհրանի ու Անկարայի ռազմական համագործակցության վրա ահաբեկչության հակազդեցության և սահմանների անվտանգության ապահովման հարցերում՚: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատեց, որ Անկարան ու Թեհրանը զարգացնելու են հարաբերությունները պաշտպանական ոլորտում տարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարում: Իրոք, թուրքական Аydinlik-ը հիշեցնում է. «Թուրքիան ու Իրանը երկրներ են, որ ունեն 500- կիլոմետրանոց սահման, պետականության ու հարևանության բազմադարյա ավանդույթ, տարածաշրջանի երկու ուժեղագույն բանակները, որ պատմական նպատակ ունեն»: Ո՞րն է այդ նպատակը:
Բացի Ռուսաստանի հետ Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման ու հրադադարի երաշխավորի դերը, ընդհանուր դիրքորոշումը Կատարի ճգնաժամի վերաբերյալ, երկու հարևան երկրները մտադիր են առավելագույնս օգտագործել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի աշխարհաքաղաքական արձագանքը և կասեցնել քրդական համախմբումը այլ ուղղություններում` Սիրիայի հյուսիսում Աֆրինում և Իրանի Արևմտյան Ադրբեջանի շրջանում (Մակու): Անկարան ու Թեհրանը գիտակցում են Մերձավոր Արևելքի քարտեզի «վերաձևման» սպառնալիքը, որտեղ իրենց վերապահված է զոհի դեր: Հասկանալի է, որ նրանք համաձայն չեն, որն էլ ստիպում է մոռանալ գաղափարական (և ոչ միայն) հակասությունները, նույն ճակատով հանդես գալ ու ալյանս որոնել Մոսկվայի հետ: Թուրքիան ու Իրանը զգուշանում են, որ պատերազմը կարող է տեղափոխվել իրենց տարածք: Քննարկու՞մ են երկու երկրները համատեղ ռազմական գործողությունների հնարավորությունը: Հարցը բաց է մնում, թեպետ ակնհայտ են թուրք ու իրանցի զինվորականների շփումները: Գուցե Էրդողանի Թեհրան այցից հետո հստակություն լինի:
Էրդողանի Իրան այցը լուսաբանող թուրքական հեռուստաալիքները զուսպ են: Եթե խոսեն տարածաշրջանում գոյություն ունեցող շիա-սուննիական դիմակայության մասին, թուրք-իրանական ալյանսը խզում է սուննիական ճակատը, որ Անկարայի մեկնակետն է: Հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ լինել, դա Իրանի գլխավոր ազդանշանն է ԱՄՆ-ին: Փորձագիտական համայնքում շրջանառվում են եռակողմ ալյանսի ձևավորման լուրերը` Թեհրան, Անկարա, Կատար, որ համընկնում է տարածաշրջանային ալյանսների ի հայտ գալու ու ձևափոխվելու հակումներին ու տարածաշրջանային որոշ երկրների արտաքին քաղաքականության գերակայությունների ռազմավարական փոփոխությանը: Բայց Թուրքիան ու Իրանը Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, տարբեր շահեր ունեն: Իտալիայի Gli Occhi Della Guerra-ն գրում է. «Մերձավոր Արևելքում պետությունների միջև հարաբերությունները միշտ փոփոխական են եղել` կախված իր շահերից մի պետությունը թեթևությամբ կարող է հարաբերություններ ունենալ այս կամ այն պետության հետ, թեպետ նրանք տարբեր ալյանսներում են, առավել բարձր մակարդակում, ղեկավարվելով կոնկրետ շահերով, նրանք կարող են աշխարհի որևէ առանձին երկրի դաշնակից լինել, մյուս կողմից` հակառակորդ, որովհետև այլ ոլորտում նրանց շահերը տարբերվում են»։ Թուրքիան վերջին տարիներին հենց այդպիսի «փոփոխականության» օրինակ է միջազգային քաղաքականության մեջ, թեպետ նրա հարաբերությունները Իրանի հետ նորություն չեն` բացի պաշտպանական ոլորտում համագործակցությունը: Էրդողանի այցը Թեհրան կարող է Անկարայի համար նոր հնարավորություններ բացել այդ ուղղությամբ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արևելքում Անկարայի ու Թեհրանի դերի մասին հայտարարություն արեց: «Մեր գործնական համագործակցությունը բոլոր մակարդակներում, միջգերատեսչական աշխատանքային ամենօրյա շփումները համոզիչ վկայում են, որ Թուրքիան ու Իրանը, այդ գործի լիակատար իմաստով, առանցքային դեր են խաղում Սիրիայում ու Իրաքում իրավիճակի կայունացման մեջ»` հայտարարել է նա արաբական «Աշ Շարկ ալ Աուսատ» թերթին տված հարցազրույցում: Լավրովի խոսքով` «Հաշվի առնելով բարդ ու բազմաշերտ սպառնալիքները, որոնց բախվում է Մերձավոր Արևելքը, Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի արտաքին քաղաքական փոխգործակցության մեծացումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին: Տրամադիր ենք շարունակել տեսակետների խորացված փոխանակումը և սերտ, եռանդուն աշխատանքը թուրք ու իրանցի գործընկերների հետ, նախ և առաջ նպատակ ունենալով հակազդել ահաբեկչական կազմավորումներին Սիրիայում ու Իրաքում, աստիճանաբար առողջացնել մթնոլորտը Մերձավոր Արևելքում ընդհանրապես»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Երբ Սիրիայում ու Իրաքում հաստատվի խաղաղություն, ի՞նչ դաշինքներ են մնալու: Դատելով բազմաշերտ կոնֆլիկտներից` ուզու՞մ են գործող դաշինքները խաղաղություն, թե՞ պատրաստ են անվերջ պատերազմել: Ռուսաստանը խաղաղության պարագայում ձեռնունայն չի՞ մնա: Համենայն դեպս` Անկարան ու Թեհրանը իրադարձային ալյանս են կազմում` առանց Ռուսաստանի, և ստացվում է: Իրաքի հարցում: Կատարի հարցում: Իսկ եթե ավելանա էներգետիկ համագործակցությու՞նը: Առավել ևս, որ նրանց միավորում է ԱՄՆ-ի հետ դիմակայությունը, բայց նրանք չեն ուզում առճակատում Արևմուտքի հետ, որին մղում է Ռուսաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ